Այս երգը գրել է Մաքքարթնին: Երգը ձայնագրվել է 1967 թվականի հոկտեմբերի 2-ին:
Նրա ընկեր Ալիստեր Թեյլորը, որը հաճախ այցելում էր նրան, մի օր հարցրեց նրան, թե ինչպես են գրվում նրա այդքան շատ երգերը ու ինչպես է Փոլը հանգում այդ գաղափարներին: Փոլը տարավ նրան իր ճաշասենյակ, որ մի փոքրիկ ցուցադրություն կազմակերպի իր ֆիսհարմոնով: Որպես փրձարկում Փոլը խնդրեց նրան բղավել այն բառի հակառակը, որն ինքը կասեր: Ինչպես օրինակ` սեւ-սպիտակ, այո-ոչ, ողջույն-հաջողություն: Այսպես ծնվեց երգը:

Երգի թողարկումից քիչ ժամանակ անց Փոլը բացատրում էր, որ «ամեն ինչի պատասխանը շատ պարզ է: Սա երգ է ամեն ինչի ու ոչնչի մասին: Եթե դու ունես սեւ, ապա պարտավոր ես նաեւ ունենալ սպիտակ. սա է կյանքի զարմանքը»: Փոլը նշում է, որ սա ընդամենը երկվության մասին երգ է, եւ նա այդ երգով դրականն է քարոզում:
Ջոն Լենոնը հավաստիացնում է, որ ինքը ոչ մի մասնակցություն չի ունեցել այս երգում. «Սա մեկ ուրիշ Մաքքարթնի է»:
Իսկ երգի ավարտի Hela heba helloa բառերը ընդամենը ձայնագրման ժամանակ արված իմպրովիզ են: