Fool on the hill երգը գրել է Փոլ Մաքքարթնին: Երգը ձայնագրվել է 1967 թվականի սեպտեմբերին: Այն մի մարդու մասին է, որին
ուրիշները ցնորված են համարում, բայց նրա տարօրինակ պահվածքը իրականում
իմաստության նշան է:
Այն, ինչը որ մղեց Փոլին գրել այս երգը, պատահել է, երբ Փոլը մի առավոտ զբոսանքի
էր դուրս եկել իր շան` Մարթայի հետ, Փրիմռոզ բլրի վրա: Երբ արևածագով էր հիանում,
նկատեց, որ Մարթան կորել է: Փոլը շրջում էր, որ գտնի Մարթային, երբ մի մարդ հայտնվեց`
առանց որևէ ձայն հանելու: Այդ մարդը պատշաճ տեսք ուներ: Փոլը գիտեր, որ նա
վայրկյաններ առաջ այնտեղ չէր, քանի որ այդ ուղղությամբ արդեն նայել էր Մարթային
փնտրելիս: Փոլն ու անծանոթը ողջյունի մի խոսք փոխանակեցին, ապա տարօրինակ մարդը
խոսեց այն մասին, թե Լոնդոնի վրա ինչ գեղեցիկ տեսարան է բացվում բլրի բարձունքից: Մի քանի
վայրկյան Փոլն իր շուրջն էր նայում, երբ նա հեռացավ: Այնպես անհետացավ, ինչպես
հայտնվել էր:
Մաքքարթնիի ընկերներից մեկը` Ալիստեր Թեյլորը (Alistair
Taylor), այդ տարօրինակ դեպքի պահին Փոլի հետ էր և հետագայում իր “Yesterday” վերնագրով գրքում գրել է դրա մասին:
