Thursday, August 18, 2016

Բիթլզ - Hello, Goodbye (հայերեն)

Այս երգը գրել է Մաքքարթնին: Երգը ձայնագրվել է 1967 թվականի հոկտեմբերի 2-ին:
Նրա ընկեր Ալիստեր Թեյլորը, որը հաճախ այցելում էր նրան, մի օր հարցրեց նրան, թե ինչպես են գրվում նրա այդքան շատ երգերը ու ինչպես է Փոլը հանգում այդ գաղափարներին: Փոլը տարավ նրան իր ճաշասենյակ, որ մի փոքրիկ ցուցադրություն կազմակերպի իր ֆիսհարմոնով: Որպես փրձարկում Փոլը խնդրեց նրան բղավել այն բառի հակառակը, որն ինքը կասեր: Ինչպես օրինակ` սեւ-սպիտակ, այո-ոչ, ողջույն-հաջողություն: Այսպես ծնվեց երգը:


Երգի թողարկումից քիչ ժամանակ անց Փոլը բացատրում էր, որ  «ամեն ինչի պատասխանը շատ պարզ է: Սա երգ է ամեն ինչի ու ոչնչի մասին: Եթե դու ունես սեւ, ապա պարտավոր ես նաեւ ունենալ սպիտակ. սա է կյանքի զարմանքը»: Փոլը նշում է, որ սա ընդամենը երկվության մասին երգ է, եւ նա այդ երգով դրականն է քարոզում: 
Ջոն Լենոնը հավաստիացնում է, որ ինքը ոչ մի մասնակցություն չի ունեցել այս երգում.  «Սա մեկ ուրիշ Մաքքարթնի է»:
Իսկ երգի ավարտի Hela heba helloa բառերը ընդամենը ձայնագրման ժամանակ արված իմպրովիզ են:

Friday, August 5, 2016

Բիթլզ - The Fool on the Hill (հայերեն)

Fool on the hill երգը գրել է Փոլ Մաքքարթնին: Երգը ձայնագրվել է 1967 թվականի սեպտեմբերին: Այն մի մարդու մասին է, որին ուրիշները ցնորված են համարում, բայց նրա տարօրինակ պահվածքը իրականում իմաստության նշան է:

Այն, ինչը որ մղեց Փոլին գրել այս երգը, պատահել է, երբ Փոլը մի առավոտ զբոսանքի էր դուրս եկել իր շան` Մարթայի հետ, Փրիմռոզ բլրի վրա: Երբ արևածագով էր հիանում, նկատեց, որ Մարթան կորել է: Փոլը շրջում էր, որ գտնի Մարթային, երբ մի մարդ հայտնվեց` առանց որևէ ձայն հանելու: Այդ մարդը պատշաճ տեսք ուներ: Փոլը գիտեր, որ նա վայրկյաններ առաջ այնտեղ չէր, քանի որ այդ ուղղությամբ արդեն նայել էր Մարթային փնտրելիս: Փոլն ու անծանոթը ողջյունի մի խոսք փոխանակեցին, ապա տարօրինակ մարդը խոսեց այն մասին, թե Լոնդոնի վրա ինչ գեղեցիկ տեսարան է բացվում բլրի բարձունքից: Մի քանի վայրկյան Փոլն իր շուրջն էր նայում, երբ նա հեռացավ: Այնպես անհետացավ, ինչպես հայտնվել էր:
Մաքքարթնիի ընկերներից մեկը` Ալիստեր Թեյլորը (Alistair Taylor), այդ տարօրինակ դեպքի պահին Փոլի հետ էր և հետագայում իր “Yesterday”  վերնագրով գրքում գրել է դրա մասին: